ս.թ. հունիսի 11-12 -ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի կողմից կազմակերպված «ՆՄԲԿ սիրտ-անոթային գիտաժողով 2021»?
Գիտաժողովի նպատակն էր թիրախային լսարանին ներկայացնել սիրտ-անոթային ժամանակակից գիտական և կլինիկական խնդիրները, արդի ախտորոշիչ և բուժական մեթոդները և օգնել ոլորտի բժիշկներին թարմացնել և բարելավել գիտելիքները սիրտ-անոթային ասպարեզում:
Ներկայացված թեմաների ընտրությունը կայացվել էր ժամանակակից միջազգային ուղեցույցերի նորացումներից, արդի սիրտ-անոթային մարտահրավերներից ելնելով, որոնք ՆՄԲԿ բժիշկների կողմից մատուցվեցին լսարանին հայերեն թարգմանված և բժշկական պրակտիկայում կիրառելի մեթոդներով: Գիտաժողովին ներկարացվեցին սիրտ-անոթային ոլորտին վերաբերող ակադեմիական թեմաներ և կլինիկական դեպքեր, ուղեցուցային մոտեցումներ և պրակտիկ լուծումներ: Զեկույցները ներկայացրեցին ՆՄԲԿ թիմի փորձառու և երիտասարդ մասնագետները, որոնք ամեն օր առնչվում են սրտաբանության մարտահրավերներին և օգտագործում են իրենց գիտելիքների և հմտությունների առավելագույնը՝ հիվանդներին օգնելու, բուժելու և, ամենակարևորը, չվնասելու նպատակով:
Հրավիրված էին բազմափորձ մասնագետներ այլ կենտրոններից, ունեցանք նաև առցանց (online) Zoom-ով հանդիպումներ արտերկրից մասնագետների հետ: Դասախոսությունները նախատեսված էին սրտաբանների (մանկական, մեծահասակների, առիթմոլոգներ), ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, նեոնատոլոգների, ինտերվենցիոն սրտաբանների, վիրաբույժների (սրտային, անոթային), կարդիոռեանիմատոլոգների համար: Բոլոր մասնակիցներին կշնորհվի 8 տեսական ՇՄԶ կրեդիտ։
Շնորհակալ ենք դրական էներգիայի համար՝ խոսնակներին և հյուրերին։ Շնորհակալ ենք մեր պատմության մի մասնիկը դառնալու համար։
Բոլոր սեսսիաների առցանց հղումները կարող եք դիտել ՆՄԲԿ Ֆեյսբուքյան Էջին։