Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը բարեհաջող է անցել:

Երևանում գտնվող իրաքցի 3-ամյա Արզնդան, ով սրտի արատ ուներ, փետրվարի 24-ին վիրահատվել է: Վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում:
Երեխային վիրահատել է Հրայր Հովագիմիանը վիրաբուժական թիմի հետ միասին։ 10 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել: Ներկայում երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ինքնուրույն շնչում է:
Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված, սրտի բնածին արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Նա վեց ամսական է եղել, երբ ընտանիքը նկատել է, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Նրան արդեն մեկ անգամ վիրահատել են իրավիճակը կայունացնելու համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝
« Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:
Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը մեծապես աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը եւ«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:
Մաղթում ենք փոքրիկ Արղնդային քաջառողջություն և շուտափույթ ապաքինում։
Շնորհակալ ենք, մեզ վստահելու համար։