«Ես սովորում եմ» – բուժքույրական շարունակական ուսուցում «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնում

Ամբողջ աշխարհում բուժաշխատողները պայքարում են մարդու առողջության համար, և միայն առողջ հասարակություն ունեցող երկիրը կարող է զարգանալ ու զորանալ։ Առողջապահության ժամանակակից մակարդակը բուժքույրերից աշխատանքի հանդեպ գործունեության նոր որակներ և նոր մոտեցումներ է պահանջում։ Միջին բուժանձնակազմի մասնագիտական հեղինակությունը կարող է բարձրանալ միայն արհեստավարժության, նվիրվածության, համբերատարության, հիվանդին օգնելու և գործին նվիրված լինելու շնորհիվ։ Այսօր հրատապ է «նեղ-մասնագիտացված կլինիկական բուժքրոջ» ինստիտուտի ձևավորումը, ինչը ենթադրում է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ ունեցող միջին բուժանձնակազմի պարտադիր առկայություն։ «Նորք-Մարաշ» ԲԿ-ը քսան տարուց ի վեր սրտաբանների, սրտային վիրաբույժների և այդ բնագավառի բուժքույրերի դպրոց-դարբնոց է: Բուժքույրերի շարունակական կրթությունն անչափ կարևոր է, այդ պատճառով նրանք բազային կրթություն ստանալուց զատ պետք է ժամանակ առ ժամանակ թե՛ վերապատրաստումներ անցնեն, թե՛ մշտապես ինքնակրթությամբ զբաղվեն՝ բարձրացնելով իրենց որակավորումը: Այդ նպատակին են ծառայում մեր Կենտրոնում իրականացվող արդեն իսկ աշխատող բուժքույրերի պարբերական կարճաժամկետ սեմինարները, ինչպես նաև միջին բուժանձնակազմի համալրման գործընթացի պարտադիր մաս կազմող, տեսական և գործնական փուլեր ներառող նախապատրաստական դասընթացները: Բուժքույրական կրթական ծրագրի ղեկավար, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Խաչիյանը շեշտեց, որ միշտ և առավել ևս այսօր Կենտրոնի ղեկավարությունը և կլինիցիստ-բժիշկները բուժքրոջը վերաբերվում ենք որպես ինքնուրույն մասնագետի, ով չափազանց կարևոր դերակատարություն ունի ընդհանրապես առողջապահության ոլորտում, իսկ մեզ մոտ՝ խիստ ուրույն և անփոխարինելի նշանակություն։ Հենց նման՝ սիրտ-անոթային վիրաբուժական ու միջամտական ուղղվածության յուրահատկություններն են պահանջում, որպեսզի նա բազմակողմանիորեն զարգացած, համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով զինված լինի։ Հնարավոր չէ բժշկական գործընթացի առաջընթաց ապահովել միայն բարձրագույն բուժական անձնակազմի ուսուցողական բաղադրիչը խթանելով, իսկ բուժքույրականը թողնել նախկին մակարդակին։ Բժիշկ Խաչիյանը նշեց, որ այս օրերին ընթացող հերթական դասընթացը հենց այդպիսի իմաստ ունի. թիմային գործելակերպի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ առավելագույնս որակյալ արդյունքի հասնել, այն է՝ ունենալ գոհունակ հիվանդ և իր գործից բավարարված աշխատակից: Այժմյան եռշաբաթյա տեսական դասընթացը հոկտեմբերի 22-ին ավարտելուց հետո, գիտելիքների գնահատման նպատակով, ուսանող բուժքույրերը թեստային քննություն հանձնեցին և բոլորին ավարտական հավաստագրեր շնորհվեց ՆՄԲԿ-ի տնօրեն` Միքայել Ադամյանի կողմից: Նրանցից լավագույններին ՆՄԲԿ-ում աշխատելու առաջարկություն կարվի: Կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը համագործակցում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ։ Այդ համագործակցության շրջանակներում մեր բուժքույրերը մասնակցում են տարատեսակ գիտաժողովներին, կրթական ծրագրերին, սեմինար-քննարկումներին՝ համապատասխան կրեդիտային միավորներ և վկայականներ ստանալով: