NORK MARASH MEDICAL CENTER

Աորտո-կորոնար շունտավորում (ԱԿՇ) PDF Տպել Էլ.փոստ

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) վիրահատական բուժումը կոչվում է աորտո-կորոնար շունտավորում:

Վերջինս համարվում է ՍԻՀ-ի բուժման ամենաէֆեկտիվ եղանակը և թույլ է տալիս պացիենտին վերադառնալ նորմալ ակտիվ կյանքին: Կրած վիրահատությունից հետո հիվանդն իրեն զգում է շատ ավելի լավ, քանի որ ՍԻՀ-ի սիմպտոմներն այլևս նրան չեն անհանգստացնում: Ինքնազգացողության զգալի փոփոխությունները սովորաբար լինում են մի քանի շաբաթ կամ ամիսներ անց:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ յուրաքանչյուր պացիենտին՝ ԱԿՇ վիրահատության մասին

  • Սրտի կորոնար զարկերակներ
  • Կորոնար զարկերակների հիվանդույուն (ՍԻՀ)
    • ազդանշանային սիմպտոմներ
    • ախտորոշում
    • բուժում
  • Աորտո-կորոնար շունտավորում
    • շունտավորման համար կիրառվող երակներ և զարկերակներ
    • կորոնար շունտավորման տարատեսակներ
    • ԱԿՇ-ն արյան արհեստական շրջանառությամբ և առանց արյան արհեստական շրջանառության
  • Վիրահատական բուժման էտապներ
    • մինչ վիրահատական միջամտությունը
    • վիրահատություն
  • Հետվիրահատական շրջան
  • Վերականգնում (ռեաբիլիտացիա)


Սրտի իշեմիկ հիվանդույուն (ՍԻՀ)

Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության բնորոշմամբ ՍԻՀ-ն իրենից ներկայացնում է սրտի սուր կամ խրոնիկ դիսֆունկցիա զարկերակային արյունով միոկարդի արյունամատակարարման հարաբերական կամ բացարձակ խանգարում: Սրտամկանի աշխատանքի համար արյունը մատակարարվում է կորոնար զարկերակներով: ՍԻՀ –ի պատճառը՝ դա սրտի կորոնար անոթների նեղացումն է: Աթերոսկլերոզի ժամանակ այս անոթների ներքին մակերևույթը փակվում է աճող ճարպային զանգվածներով, որոնք աստիճանաբար պնդանալով խոչընդոտ են ստեղծում արյունահոսքին, որի արդյունքում սրտամկանը քիչ թթվածին է ստանում: Այս ամենը բերում է հիվանդի մոտ ցավերի առաջացման (կրծքահեղձուկ), սկզբում ֆիզիկական լարման ժամանակ՝ հետագայում՝ հիվանդության պրոգրեսիվմանը զուգընթաց նաև՝ հանգստի:

Կրծքավանդակի ցավերը (կրծքահեղձուկ) ուղեկցվում են դիսկոմֆորտի զգացումով, ցավը կարող է ճառագայթվել ձախ ուս, ձեռք կամ երկու ձեռքերը, վիզ, ծնոտ, ատամներ:

Այս պահերին հիվանդները զգում են դժվար շնչառություն, վախ և չեն շարժվում մինչև նոպայի դադարելը:

Այս հիվանդություն ամենաահեղ ելքերից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որի արդյունքում մահանում է սրտամկանի մի մասը:

Կորոնար զարկերակների շունտավորում

Շունտավորումը վիրահատություն է, որի ժամանակ վերցվում է երակի ինչ-որ հատված (ստորին վերջույթներից) և կարվում է աորտային: Նրա երկրորդ ծայրը կարվում է կորոնար զարկերակի ճյուղին՝ նեղացումից ներքև: Այսպիսով արյան համար ստեղծվում է լրացուցիչ հոսքագիծ՝ շրջանցելով խցանված հատվածը: Այս նպատակով շունտավորման համար կարող է օգտագործվել  նաև ներքին կրծքային զարկերակը կամ/և ճաճանչային զարկերակը: Զարկերակային շունտերը երակայինի համեմատ ավելի երկարակյաց են:


ԱԿՇ վիրահատության նպատակը


ԱԿՇ վիրահատության նպատակն է՝ դեպի սրտամկանի արյունահոսքի լավացումը՝ լրացուցիչ հոսքագծի ստեղծումով, որին հետևում են

  • ստենոկարդիայի նոպաների հաճախականության նվազեցում կամ լրիվ անհետացում
  • սրտամկանի ինֆարկտի ռիսկի զգալի իջեցում
  • մահացության իջեցում
  • կյանքի տևողության ավելացում

Դրա հետ կապված զգալի բարձրանում է կյանքի որակը, վերականգնվում է աշխատունակությունը:

Հոսպիտալիզացիա

Մինչ վիրահատությանը անհրաժեշտ հետազոտությունների մի մասն իրականացվում է ամբուլատոր, իսկ որոշ մասը՝ ստացիոնար: Սովորաբար հիվանդը հոսպիտալացվում է վիրահատությունից 1-2 օր առաջ: Հիվանդը ծանոթանում է վիրահատող բժշկի հետ, սրտաբանի և անեսթեզիոլոգի հետ, ովքեր հոգ կտանեն իրեն վիրահատության ժամանակ և դրանից հետո: Վիրահատությունից անմիջապես առաջ հիվանդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:


Հուզմունք և վախ

Վիրահատության գնացող ցանկացած հիվանդ ունենում է նմանատիպ զգացողություններ, որը նորմալ է: Անհրաժեշտ է մանրամասն զրուցել բժշկի հետ՝ հուզող հարցերը հստակեցնելու և հուզմունքը հնարավորինս պակասեցնելու համար:


Վիրահատության նախօրեին

Հիվանդը մեկ անգամ ևս հանդիպում է վիրաբույժի, անեսթեզիոլոգի հետ: Բուժքույրը անց է կացնում որոշ նախապատրաստական միջոցառումներ:



Վիրահատության օրը

Վիրահատությունից 1 ժամ առաջ տրվում է հատուկ թմրեցնող դեղորայք (պրեմեդիկացիա): Վիրահատարանում կատարվում են մի շարք ներարկումներ, տեղադրվում են համապատասխան տվիչներ, որից հետո հիվանդը քնեցվում է:


Վիրահատություն

Վիրահատության տևողությունը կախված է շունտավորվող զարկերակների քանակից (միջինը 3-6 ժամ), սակայն վերջնական տևողությունը կախված է տվյալ պացիենտի անհատական առանձնահատկություններից:


Հետվիրահատական առաջին ժամերը

Վիրահատության ավարտից հետո հիվանդը տեղաոխվում է ինտենսիվ թերապիայի բաժին: Երբ հիվանդն արթնանում է, դեռևս շարունակվում է որոշ նարկտիկ դեղամիջոցների ազդեցությունները: Հիվանդը դեռևս ունակ չէ ադեկվատ ինքնուրույն շնչառության, այդ իսկ պատճառով նրան օգնում է շնչել հատուկ ապարատը, որը ներշնչափողային խողովակի շնորհիվ ներփչում է թթվածնի խառնուրդը դեպի շնչուղիներ: Խոսել չի կարելի: Հետագայում այդ խողովակը այլևս անհրաժեշտ չի լինում, և այն հեռացվում է: Անվտանգության ապահովման համար, որպեսզի հիվանդի անկառավարելի շարժումները չբերեն կաթետերների անջատման, հետվիրահատական կապերի վնասման՝ մինչ հիվանդի ամբողջական արթնանալը նրա ձեռքերը ֆիքսվում են: Առկա են նաև տեղադրված կաթետերներ ձեռքերի կամ ազդրի վրա, որոնք օգտագործվում են դեղամիջոցների և հեղուկների ներարկման, արյան նմուշների վերցման և զարկերակային ճնշման կոնտրոլի համար: Կրծքավանդակում տեղադրված կաթետերներն օգնում են հետվիրահատական հեղուկների հեռացմանը: Մոնիտորի վրա նաև կատարվում է շարունակական էլեկտրասրտագրի հսկողություն: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հիվանդը մնում է 2-ից 3 օր (հնարավոր բարդությունների բացակայության դեպքում), որից հետո տեղափոխվում է առանձին հիվանդասենյակ, որտեղ նրան խնամում է 1 հարազատ:


Ջերմության բարձրացում

Հետվիրահատական շրջանում բոլոր հիվանդների ջերմությունը սովորաբար բարձրանում է, ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ՝ որը նորմալ է: Վերջինիս հետևանքով նկատվում է:


Նպաստեք արագ ապաքինմանը

Հետվիրահատական առաջին ժամերին անհրաժեշտ է խորհրդների հստակ հետևողականություն՝

  • ինքնազգացողության ցանկացած փոփոխության մասին անմիջապես տեղեկացնել բուժքրոջը
  • օգտագործվող և արտահանվող հեղուկի քանակի հատուկ գրանցում
  • որոշ ջանքերի գործադրումն ուղղված է նորմալ շնչառության վերականգնմանը և հետվիրահատական թոքաբորբի կանխարգելմանը

Այդ նպատակով արվում են շնչառական վարժություններ՝ օգտագործելով փչվող գնդակներ կամ փուչիկներ, ինչպես նաև թոքերի արտաքին մակերևույթի մերսող շարժումներ: Առաջացնելով ներքին վիբրացիա, որն ուժեղացնում է թոքերի սեկրետի արտազատումը և հեշտացնում հազը: Պետք չէ վախենալ հազից, քանի որ այն շատ կարևոր է վերականնգմնան համար: Ապաքինման գործընթացին օգնում է նաև անկողնում մեջ դիրքի փոփոխությունը՝ վիրաբույժի ցուցումների համաձայն:


Ֆիզիզկական ակտիվություն

Վիրահատությունից հետո հիվանդը կարիք ունի խնամքի: Սկզբում հիվանդին թույլատրվում է նստել աթոռի վրա, շրջել սենյակում: Ավելի ուշ ակտիվությունն ընդլայնվում է:


Ցավ

Հետվիրահատական սկզբնական օրերին ի հայտ են գալիս ոչ ուժեղ ցավային զգացողություններ, սակայն դրանից խուսափել կարելի է ժամանակակից ցավազրկողների շնորհիվ: Ցավն ի հայտ է գալիս կտրվածքի հետևանքով, լինում են նաև մկանային ցավեր: Հաճախ հարմար դիրքը և համառ ինքնուրույն ակտիվացումը (բժշկի թույլտվությամբ) նպաստում է դրանց ինտենսիվության իջեցմանը:


Վերքերի ապաքինում

Կտրվածքը, որն ապահովում է սրտի հասանելիությունը՝ արվում է կրծքավանդակի միջին գծով: Մյուսները սովորաբար լինում են ոտքերի վրա, որտեղից վերցվում են շունտավորման համար անհրաժեշտ երակների հատվածները:

Վիրահատությունից հետո վիրակապերը հեռացվում են: Օդը նպաստում է հետվիրահատական  վերքերի չորացմանը և ապաքինմանը: Առաջին օրերին կապերը մշակվում են անտիսեպտիկ լուծույթներով: Կարերը սովորաբար հեռացվում են 8-9 օրերին: հակացուցումների բացակայության դեպքերում 10-14-րդ օրերին վերքերը կարելի է լվանալ ջրով և օճառով:

Երբեմն գիշերային ժամերին կամ կանգնած վիճակում կարող են ի հայտ գալ ոտքերի այտուցվածություն և մրմռոց այն տեղերում, որտեղ վերցվել են երակները: Արյան շրջանառության վերականգնումից հետո դրանք աստիճանաբար անհետանում են: Սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել էլաստիկ բինտեր և գուլպաներ: Կրծոսկրի ամբողջական վերականգնումը տեղի է ունենում ամիսներ անց:


Դուրս գրում

ԱԿՇ վիրահատությունից հետո հիվանդները հիվանդանոցում անց են կացնում 10-14 օր, իհարկե հասկանալի է, որ դա խիստ անհատական է: Դուրս գրման ժամանակ որոշ հիվանդներ ունենում են ներքին մտավախություն, քանի որ հիվանդանոցում իրենց ավելի անվտանգ են զգում: Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ բժիշկը երբեք հիվանդին դուրս չի գրի, եթե վստահ չէ նրա վիճակի կայունության մեջ:


Դիետա

Անհրաժեշտ է կրճատել օգտագործվող ճարպերի, շաքարի և աղի քանակները: Եթե չներմուծել հատկանշական փոփոխություններ սննդակարգի և կենսակերպի մեջ, ապա հիվանդության վերադարձի ռիսկը կլինի շատ բարձր: Նոր տեղադրված երակները սեփական կորոնար զարկերակների նման կարող են խցանվել: Կարևոր է նաև քաշի վերահսկումը: Սննդի և խմիչքի օգտագործման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել առողջ դատողությամբ:

Ծխելը՝ խստիվ արգելվում է: Հիվանդության վերադարձի հավանականությունը ծխող հիվանդի համար շատ բարձր է:

Դեղորայք

Անհրաժեշտ է օգտագործել միայն բուժող բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: Եթե օգտագործում եք այլ հիվանդության կապակցությամբ կիրառվող դեղամիջոցներ, ապա անհրաժեշտ է բժշկին տեղեկացնել այդ մասին: Երբեք չի կարելի օգտագործել լրացուցիչ դեղորայք՝ առանց բժշկի հետ համաձայնեցնելու:

Դուրս գրումից հետո

Լրիվ նորմալ է, երբ դուրս գրումից հետո հիվանդը ընդհանուր թուլություն է զգում, սա ոչ թե վիրահատական միջամտության արդյունքն էր, այլ աշխատանքից հետ վարժված մկանների թուլացումը: Մկանների ուժի վերականգնման ամենալավ միջոցը՝ ֆիզիկական վարժություններն են: Շատ օգտակար են կարճատև ոտքով զբոսանքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ պուլսը չպետք է գերազանցի 110 զարկ մեկ րոպեյում:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկին

Եթե առկա է հետվիրահատական սպիի կարմրություն, արտադրություն: Եթե հիվանդն ունի դող, սարսուռ, ջերմություն, թուլության խորացում, հևոց, այտուցներ, քաշի արագ ավելացում, պուլսի հաճախականության կտրուկ փոփոխություններ կամ այլ նշաններ, որոնք Ձեզ անսովոր կթվա:

Հետվիրահատական յուրաքանչյուր այցի ժամանակ պայմանավորվել հաջորդ այցելության համար:

Աշխատանք

Նստակյաց աշխատանք ունեցով հիվանդները կարող են վերականգնել իրենց աշխատանքը դուրս գրվելուց 6 շաբաթ անց: Ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում՝ սպասել ավելի երկար:

Օրակարգ

Վիրահատությունից հետո հիվանդը պիտի վերաբերվի իրեն որպես առողջ մարդու: Անհրաժեշտ է լինել ակտիվ՝ ժամանակ առ ժամանակ ակտիվությունը հանգստով փոխարինելով: Շատ օգտակար է քայլքը, որն արագացնում է վերականգնողականությունը: Այս ծրագրին հետևելու դեպքում շուտով կարող էք օրեկան երկու երեք կիլոմետր քայլել:

Սեռական Կյանք

Սեռական կյանքը կարելի է վերականգնել, երբ ցանկանաք: Սակայն պետք է հիշել կրծոսկրի լրիվ վերականգնումը լինում է 3 ամիս անց, այդ իսկ պատճառով ցանկալի է կիրառել կրծոսկրի վրա մինիմալ ծանրաբեռնվածության դիրքեր:

Ավտոմեքենա

Ավտոմեքենան կարելի է վարել հենց որ ֆիզիկական վիճակը թույլ տա: Սովորաբար դա տեղի է ունենում դուրս գրումից 3 ամիս անց: Անընդմեջ վարումը ցանկալի է սահմանափակել 2 ժամով: Եթե մեքենայի վարումը անխուսափելի է՝ անպայման համաձայնեցնել բուժող բժշկի հետ:

Հաճախ վիրահատությունից հետո հիվանդները լուրջ չեն վերաբերվում կենսակերպի փոփոխություններին: Նորմալ սնունդը, խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվությունը, նորմալ զարկերակային ճնշումը և նիկոտինի բացակայությունը ունակ են կանխել սրտի իշեմիկ հիվանդության վերադարձը, այլապես կատարված շունտավորումը կարող է դառնալ անիմաստ:


 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560