«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Կառուցողական աշխատանք՝ հանուն ԵՊԲՀ-ի զարգացման. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:
Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը:
ԵՊԲՀ կառավարման մարմնի 31 անդամները բաց քվեարկության արդյունքում Միքայել Ադամյանին միաձայն ընտրեցին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի քարտուղարի աշխատանքը կշարունակի իրականացնել ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:
Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը ներկաներին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ աշխատանքները միտված են լինելու մեր երկրում բժշկական ոլորտում բարձրագույն կրթություն մատուցող միակ պետական բուհի՝ ԵՊԲՀ-ի զարգացմանը:
Միքայել Ադամյանը ներկայացնելով բուհի զարգացման տեսլականը՝ ընդգծեց, որ որդեգրելու է կառուցողական աշխատանքի գաղափարախոսությունը, ստանձնելու է պատասխանատվություն և պարտավորվելու է աշխատանքները կազմակերպել արդյունավետ:
«Մեր աշխատանքներն ուղղված են լինելու կրթական, գիտական, կլինիկական մասերի զարգացմանն ու միջազգայնացմանը»,-ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ շեշտելով, որ բուհն ունի լուրջ ձեռքբերումներ, նվաճումներ, այդ թվում՝ խնդիրներ: Խորհուրդը պետք է նպաստի ստեղծելու ավելի գրավիչ պայմաններ նրանց համար, որոնք ցանկանում են բժշկական կրթություն ստանալ Հայաստանում:
Անդրադառնալով կլինիկական հատվածին՝ նշեց, որ «համալսարանական հիվանդանոց» բրենդը պետք է զարգացնել համատեղ:
Եթե հիվանդանոցը համալսարանական է, ապա հասարակությունն ավելի մեծ վստահություն պետք է ունենա մատուցվող ծառայությունների նկատմամբ, քանի որ ամբողջ աշխարհում գիտական ու կլինիկական հզոր պոտենցիալը կենտրոնացված է համալսարանական հիվանդանոցներում, իսկ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Բժշկության զարգացումը շատ երկրներում բերել է կոշտ մրցակցության և տարբեր երկրներ իրենց ճանաչված համալսարաններով հստակ դիրքորոշում ունեն այս հարցում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ համալսարանի ղեկավարությանը ներկայացնելու համար խորհրդի անդամներին առաջարկելու է մշակել ծրագրերի փաթեթ՝ աջակցելով համալսարանական երեք հիվանդանոցների հզորացմանը:
Ափոփելով իր ելույթը՝ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը իրականացվող աշխատանքներում կարևորեց միասնականությունը, ազնվությունը և թիմային աշխատանքը, որը կարող է հանգեցնել մեծ արդյունքի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ՀՀ վարչապետի կողմից հաստատվել էր բուհերի հոգաբարձուների խորհրդի նոր կազմերը, այդ թվում՝ ԵՊԲՀ-ին:
Հավելենք, որ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնն ստեղծման առաջին իսկ օրվանից Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:
Հարգելի Միքայել Յուրևիչ,
ՆՄԲԿ-ի ողջ անձնակազմը մաղթում է Ձեզ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում: